ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հիսուսը խաչը վերածեց հաղթության զորավոր նշանի

Հիսուսը խաչը վերածեց հաղթության զորավոր նշանի
03.04.2009 | 00:00

ԶԱՏԻԿ
Զատիկի ծագումնաբանության մասին տեղեկություն է հաղորդում հինկտակարանային Ելից գիրքը: Սա այն ժամանակ էր, երբ հրեաները Մովսեսի առաջնորդությամբ պատրաստվում էին լքել Եգիպտոսը:

Աստծո պատգամը, որ տրվել էր Մովսեսին ու Ահարոնին, հետևյալն էր. յուրաքանչյուր ընտանիք նիսան կամ աբիբ (մարտ կամ ապրիլ) ամսվա 10-րդ օրը մի արու անարատ մեկ տարեկան գառ պետք է պատրաստեր զոհաբերման համար և ողջակիզեր 4 օր անց` երեկոյան: Աստվածաշնչյան Ելից գրքից կարդում ենք, թե մորթված գառան արյունը հրեաները քսում էին իսրայելցիներից յուրաքանչյուրի տան դռանը` տվյալ տան բնակիչներին փրկելու համար Աստծո պատժից, այն պատժից, որը պետք է իջներ եգիպտացիների վրա:
Զատիկը նաև խորհրդանշում է հրեաների` Եգիպտոսից դուրս գալն ու Կարմիր ծովի միջով անցնելը, ինչը խորհրդանշում է անցումը չարից բարուն, պակասություններից դեպի լիությունը:
Զատիկ նշանակում է նաև զատվել, հեռանալ զազիր, անմաքուր և դժնդակ խորհուրդներից:
Եթե Հին ուխտում Զատկի տոնը հիշատակն է Մովսեսի միջոցով Իսրայելի որդիների` եգիպտական լծից ազատվելուն և դեպի իրենց վիճակված երկիրն առաջնորդվելուն, ապա Նոր ուխտում Զատիկը հիշատակն է Քրիստոսի՝ Աստծո Միածին Որդու հրաշափառ հարության միջոցով մարդկային ցեղի հոգևոր ու հավիտենական մահվան գերությունից ու սատանայի ծառայությունից ազատվելու և երկնքի արքայություն առաջնորդվելու:
Իսկ ինչո՞ւ Իսրայելի ժողովուրդը, որ ի սկզբանե ընտրված էր Աստծո կողմից որպես ընտրյալ ժողովուրդ ու դարեր շարունակ սպասում էր, թե երբ, վերջապես, իրենից պիտի ծնվեր համայն մարդկության Փրկիչը, չընդունեց Քրիստոսին, երբ Աստծո Որդին աշխարհ եկավ, և ավելին, ամենածանր չարչարանքների միջոցով նրան մահվան դատապարտեց` գամելով խաչին: Հռոմեական իշխանության տակ գտնվող հրեաները, գաղտնիք չէ, որ Մեսիայի միջոցով ակնկալում էին իրենց մարմնավոր փրկությունը, սակայն Տերը եկավ փարատելու ոչ թե մարմնավոր հոգսերը, այլ հոգևոր խավարը, տգիտությունն ու մեղքի մեջ լինելը: Բայց իսրայելցիները նախընտրեցին խավարի մեջ ապրել, քան լույսի, քանի որ լույսը պիտի երևան հաներ նրանց չարությունը: ՈՒստի մարդկության Փրկիչը բռնվեց ու չարչարանքների ենթարկվեց` Գողգոթա տարվելով և սպանվեց խաչի անարգ մահով: Տերը, սակայն, գալիս էր քավելու մարդկային ժառանգական դարձած մեղքը. Աստված իր իսկ Որդու զոհաբերությամբ պատրաստում էր համայն մարդկության փրկությունը, չարի կապանքներից ազատագրումը: Խաչն ամենածանր մահապատիժն էր տվյալ ժամանակի համար, սակայն Հիսուսն Իր կենդանարար արյունը ցողելով դրա վրա, անգամ այն սրբացրեց` վերածելով անարգ այդ նշանը հաղթության զորավոր նշանի: Մեծագույն զոհաբերությունն էր պատրաստվում, որի նմանը երբևէ աշխարհը չէր տեսել:
Քրիստոսի վերջին ընթրիքը, մատնությունը, խաչելությունը, թաղումը և հարությունը տեղի ունեցան հրեաների Զատկի տոնին, որի համար քրիստոնեական զատիկը եկավ փոխարինելու հրեաների զատկին:
Խաչի վրա հոգին ավանդելով` Տերը դրվեց գերեզման… Երեք օր անց Քրիստոսը Հարություն առավ:
Գերեզմանը, ուր դրված էր Հիսուսը, զօրուգիշեր հսկում էին զինվորները: Սրանք հասարակ զինվորներ չէին, այլ լավագույններն էին, որ աչքի էին ընկել իրենց ուշիմությամբ և անկաշառ լինելով:
Հարությունը տեսնելով` զինվորներից ոմանք գնացին քաղաք և քահանայապետին ասացին, թե Քրիստոսը, ում գերեզմանն իրենք պահպանում էին, ճշմարտապես հարություն առավ, և նրանք չկարողացան անգամ նայել Նրա ահավոր ու սոսկալի տեսքին, որը փայլատակում էր գերեզմանի վրա. չկարողացան անգամ լսել հրեշտակների ահավոր ձայնը, քանի որ թմրեցին այդ սքանչելի լույսից ու սաստիկ շարժումից:
«Գերեզման» հասկացությունը հեղաշրջում ապրեց այս իրողությամբ: Գերեզմանը կյանքի վերջնակետն էր համարվում, բայց Տիրոջ գերեզմանը փաստեց կարևորագույն մի իրողություն. գերեզմանը կյանքի վերջին հանգրվանը չէ, այլ իրական ու մնայուն կյանքի սկիզբը:
Հարության տոնը գլուխն է բոլոր Տնօրինական, այսինքն` Քրիստոսի հետ կապված ամենակարևոր դեպքերի հիշատակությունների:
Աստծո Միածին Որդին ադամական մեղքի պատճառով իր երանությունից զրկված մարդկանց համար կամովին պատրաստվում էր զոհաբերվել` բարձրացնելով նրանց երկնքից էլ վեր և հասցնելով Աստծո գահի մոտ: Աստված մարդացել էր` մարդուն աստվածացնելու համար, գրում էր Սբ. Աթանաս Ալեքսանդրացին: Քրիստոսը հարություն առնելով մեռելներից` Իր հետ հարություն պետք է տար նաև մահվան մեջ ընկած մեր բնությանը:
Համաձայն եկեղեցու վարդապետների` Տերը երեսուներեք ու կես ժամ մնաց դժոխքում: Քանի որ ուրբաթ օրն իններորդ ժամին մեռավ, հոգով իջավ դժոխք, և երեկոյան, արևամուտին, Մարմինն իջավ գերեզման: Շաբաթ գիշերը ցերեկվա հետ կազմում է քսանչորս ժամ, վեց ժամ էլ կիրակի օրը՝ մինչև գիշերվա կեսը, ստացվում է երեսուն ժամ, և երեք ու կես ժամ էլ ուրբաթ օրը՝ ստացվում է երեսուներեք ու կես: Այսինքն՝ երեսուներեք ու կես տարի Մարմնով քարոզեց մարմնավորներին, նույնքան ժամ էլ հոգով քարոզեց հոգիներին:
Աստծո հոգով վառված Պողոս առաքյալը վկայում է, թե հարության խորհուրդն է քրիստոնեության հիմնաքարը. եթե Քրիստոսը հարություն առած չլիներ, նրա ամբողջ քարոզությունն իզուր կանցներ:
Մեր մեջ հարության լույսը չպետք է սփռված լինի մի քանի տոնակատարությունների մեջ միայն, այլ մեր ամբողջ կյանքի վրա. Քրիստոսը մի քանի տոնական ժամերի համար Հարություն չառավ, այլ հավիտենական կյանքի:
Հայաստանյայց առաքելական սբ. եկեղեցին մյուս եկեղեցիների նման Քրիստոսի Հարությունը բնորոշող գործածական «Զատիկ» բառն ունի: Պատահական չէ, որ Սբ. Ծննդի ու Սբ. Հարության տոները ժողովրդի մեջ մտել են որպես Փոքր ու Մեծ Զատիկներ: Այս բառն էլ ավելի է տվյալ օրը բացահայտում հայեցի տարազի ներքո: Տոների մեջ երկուսը` Սբ. Ծնունդն ու Սբ. Հարությունը, սկզբնական շրջանում քրիստոնյաների համար կարևորագույններն էին:
Նշանավոր լեզվաբան Ստեփանոս Մալխասյանցը «Զատիկ» բառի դիմաց նշում է, որ այն քրիստոնեական տոն է, որ փոխարինելու է գալիս հրեականին և առհասարակ տոն է, ուրախություն:
Հետաքրքրական է, որ զատկական տոնակատարությունների այս եզակի շրջանում է տարվա մեջ առաջին անգամ երևում Մարիամի կամ Զատկի բլոճ կոչված կենդանին` Զատիկը` կարմիր թևերով, թևերին` սև բծեր։
Զատկի տոնի ժողովրդական խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, բաժանվելու մեջ է: Այս իմաստով այն կարծես շարունակությունը և կատարելագործումն է Ծաղկազարդի տոնակատարության: Վերջինիս ծիսակատարողական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին:
Դեպի եկեղեցի` Պատարագի և այնուհետև դեպի տուն շտապող հավատացյալները ցայսօր էլ իրար ողջունում են` ասելով.
-Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Իսկ ողջույն ստացողները պատասխանում են.
-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:
Զատիկը բնության զարթոնքի և կյանքի հավերժության գաղափարն է խորհրդանշում, հանգամանք, որ դարեր ի վեր գեղեցիկ համադրությամբ նշում է մեր առաքելաշավիղ Հայ եկեղեցին` շրջապատված ժողովրդի սիրով և հավատքով:
Զատկի նախորդ օրվանից սկսած` անհամբեր պատանիները սկսում են դուրս ելնել իրենց հավկիթներով և մասնակցել ողջ ժողովրդի մեջ տարածում գտած հաղթող ձուն որոշելու խաղին: Հաղթողն, իհարկե, շատ ձվեր կոտրողն է:
Տանը ժողովրդական ուտեստները չեն սահմանափակվում միայն ձվով, այլ իրենց ուրույն տեղն ունեն նաև բրնձով փլավը` համեմված չամիչով, տապակած բանջարեղենն ու ձկնեղենը:
Կիրակի վաղ առավոտից սկսվում է Զատկի տոնակատարությունների ուրախ շարքը: Այսօր հայը բավարարվում է իր օջախում տոնական սեղան բացելով և իր հարազատների մեջ Զատիկ նշելով, սակայն, չմոռանանք նաև, որ հնում բազմապիսի ուխտագնացություններ էին կազմակերպվում դեպի մոտակա սրբավայրերը, և մարդիկ իրենց հետ տանում էին գառներ` զատկական զոհաբերման համար, բուսական և կենդանական ծագումով առատ ուտելիք և, իհարկե, առատ ձու:
ՈՒխտագնացությունները շարունակվում էին նաև հաջորդող երկու տոների` Կանաչ և Կարմիր կիրակիների ընթացքում, որոնք երկուսն էլ կապվում են բնության զարթոնքի հետ:
Սկզբնական շրջանում Զատիկը բոլոր եկեղեցիները տոնում էին հրեական Պասեքին: Առաքելական կանոնների ութերորդ հոդվածի հրահանգների համաձայն` Զատիկը պետք է տոնվեր քառասուն օր տևած պահքից հետո: Նիկիո 325 թ. Տիեզերական ժողովի ժամանակ որոշում ընդունվեց այն կատարել կիրակի օրը, սրանով տոնը դարձավ շարժական. Զատիկը տոնվում է գարնանային գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, այսինքն, ըստ շարժականության, այն կարող է տատանվել 35 օր` մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում:
Տոմարի փոփոխվելուց հետո ուղղափառ եկեղեցին հավատարիմ մնաց Հուլյան տոմարին, և սրանով է բացատրվում եկեղեցիներում Զատկի տոնակատարությունների մեջ առկա տասներեք օրերի տարբերությունը:
Անուշ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Մեկնաբանություններ